2025-ին կհամարակալվի մոտ 1 միլիոն մանր եղջերավոր կենդանի. Նոր որոշում

Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը համարակալված չէ՝ ի տարբերություն խոշոր եղջերավոր կենդանիների: Ըստ այդմ՝ երբ Վիճակագրական կոմիտեն տարին մեկ անգամ պաշտոնապես հրապարակում է մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, այն սիրողական է, ոչ ճշգրիտ, մոտավոր հաշվարկների հիման վրա, և կա վիճակագրական ակնհայտ շեղում: Այդ մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մանր եղջերավոր կենդանիների համարակալմանն առնչվող որոշման նախագիծը:

«Մանր եղջերավոր կենդանիների համարակալման բյուջեով սկզբի համար 1 միլիոն դրամ ենք հաշվարկել, հետագա տարիներին քանակը կիջնի, որովհետև սկզբի համար պետք է կենդանիների ամբողջ քանակի վրա ականջապիտակներ կպցնենք, որը մոտավորապես 1 մլն գլուխ է, այսինքն՝ երկու ականջների դեպքում 2 մլն է»,- ասաց նախարարը:

Ըստ Պապոյանի՝ նախատեսվում է նաև գնել ռադիոհաճախականությունը գրանցող սարքեր: «Հանրապետության ամբողջ տարածքում ակնկալվում է ապահովել խոշոր եղջերավոր կենդանիների և մանր եղջերավոր կենդանիների տեղաշարժի վերահսկումը, հետագծելիության բարելավումը, նախիրների կառավարումը և տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը»,- տեղեկացրեց Գևորգ Պապոյանը:

2025-ին՝ որոշման նախագծի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում է համարակալել և հաշվառել 1 մլն մանր եղջերավոր անասուն, 2026-ին՝ 700 հազար, հետագա տարիներին թիվը կնվազի:

Նախարարը նաև հիշեցրեց՝ 2022 թվականին մեկնարկել է «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը», որի արդյունքում նույն թվականին կատարվել է մոտ 163 հազար կենդանիների ականջապիտակում, 2023-ին՝ 428 հազար, իսկ 2024-ից սկսած՝ ամեն տարի ակնկալվում է մոտ 190 հազար կենդանու ականջապիտակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նախագիծը հատկապես աղետների ժամանակ և որպես օրինակ՝ նշեց Տավուշի և Լոռու մարզերում վերջին հեղեղումները: Ըստ վարչապետի՝ վնասի հաշվարկ պետք է անել, և քանի որ խոշոր եղջերավոր անասունների ականջապիտակների հարցը լուծված է, խնդիր չի ծագի, իսկ մանր եղջերավորների դեպքում կարող է ծագել:

«Եթե իրականացված լիներ մանր եղջերավոր անասունների ականաջապիտակների ծրագիրը, նույն հարցն այս դեպքում էլ լուծված կլիներ, բայց հիմա համոզված եմ, որ դրանց հետ կապված խնդիրներ ու տարաձայնություններ են ծագելու»,- ասաց Փաշինյանը:

Spread the love