Շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն, բայց այն խաթարված է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում անդրադարձել է հոգևորականների այն կոչին, որ պետք է բացահայտել այն իրավապահներին, որոնք խոչընդոտել են Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, արգելել այդ ոստիկանների մուտքը եկեղեցիներ և ծիսական ծառայություններ չմատուցել այդ ոստիկանների համար, ինչպիսին պսակադրություններն են, կնունքները, հոգեհանգիստները: Անահիտ Մանասյանն ասել է, որ հոգևորականների այդ կոչը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքին: Ըստ պաշտպանի` այդ տվյալների հրապարակումը խնդրահարույց է, իսկ կոչը՝ խտրական:

«Երկու մաս կարող եմ առանձնացնել՝ էմոցիոնալ և մասնագիտական: էմոցիոնալ առումով, իհարկե, չեմ պատասխանի, որովհետև մասնագիտական էթիկայի կանոններով եմ սահմանափակված: Մասնագիտական առումով կասեմ, որ մենք իրականում նախ պետական մարմիններից ենք պարզաբանումներ պահանջել, որպեսզի հասկանանք, թե խնդիրն ինչն է եղել: Ես ինքս նաև պատրաստվում եմ խոսել եկեղեցու հետ՝ հասկանալու համար ընդհանուր խնդիրները: Կարևոր է երկու կողմին լսել, հասկանալ հարցերը: Այստեղ երկու հարթության տեսանկյունից շատ կարևոր հարցեր կառանձնացնեմ: Նախ, որպես ՄԻՊ, ինձ համար չափազանց կարևոր է իմ հրապարակային խոսքում ունենալ այնպիսի հավասարակշռված դիրքորոշում, որը յուրաքանչյուր կրոնական համոզմունք ունեցողներին, այդ թվում՝ աթեիստներին, կցուցաբերի ընդհանուր պաշտպանվածություն, և ցանկացած անձ, որն ունի ցանկացած տեսակի կրոնական համոզմունք, կզգա, որ այդ թվում ՄԻՊ տեսանկյունից պաշտպանված է»,- ասաց նա:

Անահիտ Մանասյանը նշեց, որ մի կարևոր հանգամանք կա, որն ինքը կցանկանար արձանագրել: «Այն, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերակատարությունը մեր Սահմանադրությունը, ըստ էության, ինքնին ամրագրել է, և շատ կարևոր է, որ պետության և եկեղեցու փոխհարաբերությունները ներդաշնակ լինեն, կարծում եմ՝ այդ ներդաշնաակությունը խաթարված է: Մենք դա բոլորս տեսնում ենք. չտեսնել այդ ամենը չի կարելի: Կարծում եմ՝ թե՛ եկեղեցին, թե՛ պետությունը, պետք է, իրենց վերաբերելի բոլոր գործիքակազմերը կիրառելով, փորձեն ներդաշնակություն ձևավորել այդ հարաբերություններում: Ես, որպես ՄԻՊ՝ ապաքաղաքական մարմին, պատրաստ եմ այդ կամուրջը հանդիսանալ բոլոր հնարավոր խնդիրները լուծելու տեսանկյունից:

Spread the love