41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզությունից մեդալ նվաճեց:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը:
Հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666): Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս Աբլյազինը (14.783 միավոր):
Այսպիսով, 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը՝ Ալբերտ Ազարյանի որդին:
Հիշեցնենք նաև, որ որակավորման փուլի արգելքն Արթուրը հաղթահարել էր 14.866 միավորով:
Օգոստոսի 3-ին ևս հայ մարզիկներ մեդալակիր դառնալու հնարավորություն ունեն: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել եզրափակիչ և վաղը ոսկե մեդալի համար պայքարելու է ռուս Մուսա Եվլոևի հետ: 77 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու Կարապետ Չալյանը: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մինչև 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ Բացի դրանից՝ օգոստոսի 3-ին Հայաստանի օլիմպիական թիմից մրցելույթ կունենան եռացատկորդ Լևոն Աղասյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (67 կգ), իսկ 14:50-ից Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):