Լևոն Երանոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ արձակվեց

Քիչ առաջ դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով վճիռը։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց:

Վճռի համաձայն որի՝ Երանոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվեց։

Մասնավորապես, դատարանը որոշեց 309-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) առաջադրված մեղադրանքը վերաորակել եւ  նրա մեղավոր ճանաչել 375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը նույնպես վերաորակվեց, ամբաստանյալը մեղավոր ճանաչվեց 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, Երանոսյանի նկատմամաբ պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 4 տարի ժամկետով ու այդ մասով կիրառեց համաներում։

Ավելի վաղ գործով մեղադրողը միջնորդել էր նախկին ոստիկանապետին դատապարտել 11 տարվա, իսկ այս գործով անցնող Լևոն Երանոսյանին՝ 8 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցել էր՝ հեղափոխության օրերին Երևանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, և այդ միջոցները կիրառվել են։

Spread the love