Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը:
Զեկույցով հանդես է եկել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը: Նշվել է, որ Զբոսաշրջության կոմիտեի բյուջեն 2023 թվականին կազմել է 7,5 մլրդ դրամ, իսկ 2024-ին այն կկազմի 13,2 մլրդ, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրի առկայությամբ:
Ներկայացվել է 2023 թ. ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի կողմից գնումների և դրամաշնորհային մրցույթների գործընթացների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։ Նշվել է, որ 2023-ին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը բացառիկ աճ է գրանցել՝ կազմելով 2 մլն 316 հազար 666՝ 2022 թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 40 % աճ, իսկ 2019-ի համեմատ՝ շուրջ 22 %։
Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում առավել շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Բելառուսից:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի վիճակագրական տվյալների համաձայն, արձանագրվել են զբոսաշրջության կառուցվածքի որոշակի փոփոխություններ: Օրինակ, նախորդ տարվա նկատմամբ ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկների թիվը, ըստ վիճակագրության, նվազել է, սակայն մյուս երկրներից որոշակի աճ է նկատվում:
Սուսաննա Հակոբյանի խոսքով՝ աճ է արձանագրվել Ֆրանսիայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանող զբոսաշրջիկների թվում: «Որոշակի ֆիլտրում իրականացնելուց հետո պարզ է դարձել, որ նաև ՌԴ-ից ժամանող իրական զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել: Այս վերլուծությունները կան»,- ասել է տիկին Հակոբյանը:
Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք այս ամենն ազդակ է, որ ոլորտում ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: «Միանշանակ, այցելությունների վիճակագրությունն էլ է դա ցույց տալիս»,- նշել է կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողը:
Հայաստանը, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության «Համաշխարհային զբոսաշրջության բարոմետր»-ի տվյալների, 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունների ամենաբարձր աճ գրանցած երկրների ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը:
Կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է 2023 թ. ընթացքում ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։ Մասնավորապես՝ ներկայացվել են վիճակագրության բարելավմանը, զբոսաշրջության 5-ամյա ռազմավարության մշակմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումները։
2023-ի հունվարից մինչև 2024-ի հունվար ընկած ժամանակահատվածում իրականացվել է միջազգային այցելությունների երրորդ հետազոտությունը։ Հայաստանի սահմանային անցման կետերում անցկացված հարցումների միջոցով հնարավոր կլինի ունենալ առավել հստակ տեղեկատվություն զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական բաշխվածության, սեռատարիքային կազմի, ճամփորդության կազմակերպման տարբերակների, զբոսաշրջիկների կատարված ծախսերի կառուցվածքի, կրկնվող այցելությունների և այլնի վերաբերյալ։
Վարչապետը նշել է, որ վերը նշված հետազոտությունը քաղաքականությունների մշակման համար կարևոր տեղեկատվություն կարող է ներկայացնել: