Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին, ընդգծելով Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանային կայունության ապահովման համար, ասել է, որ Իսրայելը երկու երկրների ընդհանուր թշնամին է, գրում է Mehr-ը։
Այդ մասին շաբաթ օրը Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը:
Գովաբանելով Ստամբուլում հանդիպումը կազմակերպելու՝ Թուրքիայի արժեքավոր նախաձեռնությունը՝ Բաղերի Կանին իրանական պատվիրակության ներկայությունը պաղեստինյան հիմնախնդրին հատուկ ուշադրության, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի դերի ու դիրքորոշման նշան է անվանել։
Խոսելով Թեհրանի և Անկարայի միջև բարեկամական կապերն ընդլայնելու Իրանի հանգուցյալ նախագահի և երկրի արտգործնախարարի վճռականության մասին՝ Բաղերի Կանին կոչ է արել զարգացնել երկկողմ հարաբերությունները և հասնել նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
«Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդումը ոչ միայն ձեռնտու է երկու երկրներին, այլև նպաստում է տարածաշրջանի կայունությանը, հատկապես, որ Թեհրանն ու Անկարան բախվում են Իսրայելի նման ընդհանուր թշնամու հետ»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։
Իսլամական երկրները պետք է ավելի սերտ խորհրդակցություններ անցկացնեն Պաղեստինի ժողովրդին քաղաքական և իրավական աջակցություն ցուցաբերելու հարցում, ընդգծել է նա։
Ֆիդանն իր հերթին ասել է, որ Ստամբուլում հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը քննարկել է Իրանի հանգուցյալ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
«Թուրքիայի արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի մոտեցումը Պաղեստինի ժողովրդին աջակցելու և նրա ակտիվ ներկայությունը քաղաքական և տարածաշրջանային ասպարեզներում:
Ողջունելով Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների զարգացումն ու ամրապնդումը, Ֆիդանը ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը բարդ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և ահաբեկչության դեմ պայքարում»,- գրում է իրանական լրատվամիջոցը։