Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ կմիանանք ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին: Առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականից. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ԱԺ հունիսի 11-ի նիստում քննարկման ներկայացնելով  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն մշակվել է համաձայն «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի` նախատեսված տեղեկությունների ավտոմատ փոխանակման պահանջն ապահովելու նպատակով:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ ֆինանսական հաստատություններն այլ երկրի ռեզիդենտների վերաբերյալ տվյալներ հավաքելիս պարտավոր են իրենց երկրի հարկային մարմին ներկայացնել այդ ռեզիդենտների մասին ընդհանրական տվյալներ:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է ««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասինե» ՀՀ օրենքը, եւ հաջորդ քայլը ներքին օրենսդրությամբ ավտոմատ փոխանակման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մշակումն է:

ՀՀ ՊԵԿ նախագահը կարեւորել է նախագծի ընդունումը վարչարարության գործիքակազմը, տեղեկատվության աղբյուրները եւ վերլուծական կարողություններն ընդլայնելու տեսանկյունից:

Օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Spread the love