Երեւանում, այսօր՝ հունիսի 17-ին, մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը, որտեղ բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ինպես տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, միջոցառումը, որը բացել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, առաջինն է իր տեսակի մեջ, որը միավորում է ԱՄՆ եւ Հայաստանի քաղաքապետերին, տարածաշրջանային, պետական եւ մարզային ղեկավարներին՝ դեմոկրատիայի մասին կարծիքների փոխանակման համար։
Համաժողովի մասնակիցները հայտնել են համագործակցություն սկսելու մտադրության մասին Ստեփանավան (Լոռիի մարզ) եւ Հելենա (Մոնթանայի նահանգ), Արմավիր (Արմավիրի մարզ) եւ Սքրանտոն (Փենսիլվանիայի նահանգ) քաղաքների, ինչպես նաեւ Տավուշի եւ Միչիգանի միջեւ։
Համաժողովում քննարկվում է դեմոկրատիայի կառուցումը տեղական մակարդակով, քաղաքացիական հասարակության եւ ազատ ԶԼՄ-ների հետ համագործակցության, թափանցիկության եւ հաշվետվողականության, ընտրությունների ամբողջականության միջոցով։
Վաղը, համաժողովի երկրորդ օրը, պատվիրակները կմեկնեն Գյումրի, կհանդիպեն ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ, կայցելեն Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոն եւ բանավեճեր կունենան այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսին է ՏՏ զարգացումը՝ նպաստելով պետական եւ մասնավոր գործընկերությանը եւ արձագանքելով կլիմայի փոփոխություններին եւ տուրիզմի առաջմղմանը։
Մասնակիցները նաեւ հանդիպումներ կունենան քույր քաղաքներում, որպեսզի գաղափարներ ներկայացնեն երկխոսության եւ համագործակցության խորացման համար առաջիկա ամիսներին՝ հուսալի գործընկերային հարաբերություններ ստեղծելու նպատակով։ Սպասվում է, որ դա կբարձրացնի փոխըմբռնումը, լավ կառավարումը, տնտեսական զարգացումը, խաղաղությունը եւ բարգավաճումը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդների համար։