Նախարարության փոխանցմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Երիտասարդ օրակարգ» ծրագրի շրջանակում իրականացված Ալավերդու երիտասարդական քաղաքականության ֆորումին։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի «Երիտասարդների համար քաղաքացիական ներգրավվածության նպաստավոր միջավայրի բարելավում» բաղադրիչի համակարգող Արմեն Բեժանյանը, համայնքի մի շարք բնակավայրերի դպրոցների տնօրեններ, համայնքի երիտասարդներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է ֆորումի մեկնարկի առիթով՝ նշելով, որ առանձնակի կարևոր է բնական արհավիրքից տուժած համայնքում երիտասարդական կյանքի ակտիվացումն ու համայնքային մակարդակով իրականացվող նման միջոցառման իրականացումը։
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ քաղաքականության մշակման և իրագործման պատասխանատուն պետական լիազոր մարմինն է, սակայն առանցքային դերակատարում ունեն նաև ՏԻՄ-երը, քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և համայնքի երիտասարդները։ Այդ առումով Արթուր Մարտիրոսյանն էապես կարևորել է ՏԻՄ-ի և երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված ֆորումը, որը կնպաստի առավել հասցեական դարձնելու համայնքային մակարդակով երիտասարդական քաղաքականության իրագործումը։
Արթուր Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվելու են պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջև իրավահարաբերությունները, պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջև հարաբերությունները, լիազորություններն ու պարտականությունները:
Մասնավորապես, անդրադառնալով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծով ՏԻՄ-ին վերապահված գործառույթներին՝ փոխնախարարը նշել է, որ օրենքի նախագծում երկու հստակ գործառույթ է վերապահվում ՏԻՄ-ին։ Դրանցից մեկը վերաբերում է համայնքում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովելու նպատակով համայնքի աշխատակազմի աշխատակիցներից մեկի գործառույթներում երիտասարդական աշխատողի գործառույթների սահմանմանը կամ երիտասարդական աշխատողի հաստիքի ստեղծմանը, իսկ երկրորդը՝ համայնքներում երիտասարդական կենտրոնների, երիտասարդական միջավայրերի հիմնադրմանը կամ դրանց հիմնադրմանը նպաստելուն։
Հաշվի առնելով դահլիճում բազմաթիվ երիտասարդների ներկայությունը՝ փոխնախարարը կոչ է արել նրանց ակտիվ մասնակցություն ունենալ օրենքի նախագծի հանրային քննարկմանն ինչպես առաջարկություններ, կարծիքներ ներկայացնելու առումով, այնպես էլ օրենքի նախագծի հանրայնացման, շահառուների առավել լայն շրջանակում իրազեկման առումով: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ նախարարությունը հաշվի է առնելու բոլոր բովանդակային, առարկայական, խելամիտ առաջարկություններն ու նկատառումները։ «Թեև մինչ այժմ բազմաթիվ մարզերում հանրային քննարկումներ են կազմակերպվել, և հուսով եմ, որ դահլիճում ներկա գտնվողներից ոմանք հնարավորություն ունեցել են դեռևս այդ ժամանակ իրենց դիտարկումները ներկայացնելու օրենքի նախագծի վերաբերյալ, սակայն այս ֆորումը եզակի առիթ է երիտասարդների հետ խոսելով և նրանց լսելով՝ լրամշակումներ անելու և օրինագիծը երիտասարդների հիմնախնդիրներին, ակնկալիքներին և շահերին լավագույնս համապատասխանեցնելու համար»,-ընդգծել է նախարարի տեղակալը։
Անդրադառնալով երիտասարդների և տարբեր մակարդակներում քաղաքականություն մշակող մարմինների միջև համագործակցությանը՝ Արթուր Մարտիրոսյանը խոսել է նաև համայնքային մակարդակում երիտասարդների իմաստալից մասնակցության կարևորության մասին ինչպես որոշումների ընդունման, այնպես էլ դրանց իրագործման փուլում։ «Ակտիվ քաղաքացիությունը ենթադրում է ոչ միայն պահանջող, դժգոհություններն արտահայտող քաղաքացի, այլև պետության, տեղական ինքնակառավարման մարմնի կողքին կանգնած քաղաքացի, որը, առաջնորդվելով հանրային բարօրության չափանիշներով փորձում է ձեռք ձեռքի տված փոխակերպել և բարելավել իրականությունը։ Ահա այսպիսի վարքն է բնակչին դարձնում քաղաքացի, սա է, որ հնարավորություն է տալիս ոչ միայն երազել, այլ նաև վստահ լինել վաղվա օրվա հարցում»,- ամփոփել է Արթուր Մարտիրոսյանը։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել ֆորումի կազմակերպիչներին համայնքի համար այս դժվարին օրերին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար։ «Չնայած ծանրաբեռնվածությանը՝ մեծ սիրով եմ ընդունել երիտասարդների կողմից կազմակերպված այս միջոցառման մասնակցության հրավերը, որովհետև մեծապես կարևորում եմ մեր երիտասարդների դերը։ Այն բազմիցս ապացուցվել է այս օրերին մեր երիտասարդների կատարած ահռելի աշխատանքներով. մեր համայնքի երիտասարդները ցույց տվեցին, թե ինչպիսին պետք է լինի հարազատ համայնքի ցավով իրապես ապրող երիտասարդը։ Կարևորում եմ երիտասարդների հետ երկխոսության ցանկացած հարթակ, որը հնարավորություն կտա լսել նրանց, սովորեցնել նրանց և սովորել նրանցից»,-ասել է մարզպետը։
Միջոցառման կազմակերպիչ Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ իր նշել է, որ հատկապես այս օրերին, երբ բոլոր ռեսուրսները ուղղվում են աղետից տուժած բնակավայրերում բնականոն կյանքը վերականգնելուն, բավականին համարձակ քայլ է նմանօրինակ ֆորումի կազմակերպումը։ «Այդ քայլով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Ալավերդի համայնքի երիտասարդներն ասելիք և անելիք ունեն։ Բացի համայնքում իրականացվող կամավորական աշխատանքներում ներգրավված լինելուց՝ նրանք ավելին կարող են անել և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Ալավերդի համայնքի զարգացման գործում»,- ասել է Օլեգ Դուլգարյանը։
Ֆորումի ընթացքում ստորագրվել է եռակողմ հուշագիր Ալավերդու համայնքապետարանի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և Ալավերդու համայնքային երիտասարդական քաղաքականություն մշակող թիմի միջև՝ Ալավերդի խոշորացված համայնքի երիտասարդական տեղական քաղաքականության համատեղ մշակման նպատակով։
Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդել է Ալավերդի համայնքի երիտասարդական կարիքների գնահատման և առաջնայնությունների վերհանման ուսումնասիրության արդյունքների ներկայացումը։ Ուսումնասիրությունն ամբողջությամբ իրականացվել է համայնքի երիտասարդների ջանքերով։ Հարցումն իրականացվել է ֆոկուս-խմբային քննարկումների եղանակով՝ 169 երիտասարդի ներգրավմամբ։ Հարցման արդյունքների հիման վրա էլ մշակվելու է Ալավերդու համայնքային երիտասարդական քաղաքականության նախագիծը։ Հաջորդաբար նախագիծը կներկայացվի ԿԳՄՍՆ՝ դիտարկելու որպես հաջողված օրինակ 3 այլ համայնքներում ներդնելու համար։
Ֆորումի ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում «Երիտասարդների իմաստալից մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացմանը» թեմայով, որի խոսնակներից մեկը եղել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
«Երիտասարդ օրակարգ» ծրագիրն իրականացնում է Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ «ՓԻ-ԷՅՉ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից համակարգվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում։
Լրահոս