Սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիրի նահանգից) եւ Ռոջեր Ուիքերը (հանրապետական Միսիսիպիի նահանգից) նամակ են ուղարկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ խնդրելով աշխատել Բելառուսի ընդդիմությանը համաշխարհային կազմակերպությունում մշտական դիտորդի կարգավիճակ տալու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։
«Աջակցությունն այս հարցում կդառնա ոչ երկիմաստ ազդանշան այն մասին, որ Բելառուսի կառավարությունը չի կատարել խաղաղ, անվտանգ, դեմոկրատական եւ բարգավաճ երկրի ստեղծմանն աջակցելու իր պարտավորությունները»,- կարծում են Շահինն ու Ուիքերը։
ՄԱԿ մշտական դիտորդները կարող են այցելել նիստերի մեծ մասին եւ ունեն գրեթե բոլոր համապատասխան փաստաթղթերի հասանելիություն։ Շատ տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններ որպես դիտորդներ մասնակցում են ՄԱԿ Գերագույն վեհաժողովի աշխատանքին եւ նրա ամենամյա նստաշրջաններին։