Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագրին:
Հիմնվորման մեջ նշվում է. «ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում 2024թ. փետրվարի 15-ին ու ապրիլի 16-ին ստորագրվել է «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման առումով:
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Գործողության շրջանակներում նախատեսվում է Թվինինգ ծրագրերի իրականացում:
Գործողությունն ուղղված կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ նպատակ ունենալով՝ աջակցելու ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը: Հիմք ընդունելով առկա և ակնկալվող մարտահրավերները՝ այն ուղղված է բարեփոխումների կայունության և ԵՄ աջակցության որոշակիության ապահովմանը, մասնավորապես, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Գործողության համար հիմք է հանդիսանում ԵՄ տնտեսական և ներդրումային պլանը՝ որպես երկկողմ հարաբերություններում առանցքային բարեփոխումների խթանման և տնտեսության, էներգետիկ ու հաղորդակցության ուղիների կախվածության նվազեցման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործիք
Գործողությունը շրջանակներում նախատեսվում է.
- Հայաստանին տրամադրել թիրախավորված ոլորտային, միջոլորտային և հորիզոնական աջակցություն՝ միաժամանակ արձագանքելով նոր, չնախատեսված և արագ փոփոխվող կարիքներին,
- մեղմել տեղահանված բնակչության ինտեգրման արդյունքում Հայաստանի սոցիալական պաշտպանության կառույցներում հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները՝ ընթացիկ և նախատեսվող բարեփոխումներին աջակցելու միջոցով,
- օժանդակել սոցիալական աջակցության և զբաղվածության ոլորտում ընթացիկ բարեփոխումներին՝ հաշվի առնելով դիմակայուն սոցիալական պաշտպանության համակարգի առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի բնակչության մոտ 3%-ը կազմող ավելի քան 100,000 բռնի տեղահանվածների ժամանման հետևանքով առաջացած պահանջարկը,
- աջակցել առողջապահական բարեփոխումներին՝ հասցեագրելու անվճար առաջնային բուժօգնության հասանելիության պահանջները, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում առողջապահական հաստատությունների ընդլայնմանն ու կատարելագործմանը: Հաշվի առնելով առողջապահության ոլորտում ընթացիկ օրենսդրական բարեփոխումների համատեքստում համընդհանուր առողջության ապահովագրության ծրագրի ներդրման ուղղությամբ Կառավարության նախաձեռնությունը՝ գործիքի շրջանակներում հնարավոր կլինի ուսումնասիրել և Հայաստանում ներդնել ԵՄ լավագույն փորձը:
- բարձրացնել ՀՀ կառավարության կարողություններն ընթացիկ բարեփոխումների գործընթացների և երկրի առանցքային ոլորտներում հետագա ներդրումների միջև սերտ փոխլրացման հնարավորությունները զարգացնելու միջոցով (այդ թվում՝ ԵՄ ՏՆՊ իրականացման համատեքստում), աջակցել սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ընդհանուր դիմակայունության ամրապնդմանը:
Համաձայնագիրը ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում: Համաձայնագիրը փոխկապված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հետ: