ԵՄ-ը իրավաբանական սողանցք է մտածել, որպեսզի շրջանցի Ուկրաինայի աջակցության Հունգարիայի վետոն. FT

Ինչպես գրել է Financial Times-ը, ԵՄ-ը մշակել է իրավաբանական սխեմա, որպեսզի շրջանցի Ուկրաինայի համար զենք գնելու Հունգարիայի վետոն՝ ի հաշիվ այս տարի սառեցված ռուսական ակտիվների։

ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը FT-ին հայտնել է, որ, քանի որ Հունգարիան ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտները հատկացնելու մասին, նա «չպետք է լինի այդ փողերի օգտագործման մասին որոշման մի մասը»։ Նա ավելացրել է, որ գտնված շրջանցող ուղին «դժվար է, ինչպես եւ ցանկացած իրավաբանական լուծում, բայց այն գործող է»։

Եվրամիությունում, հիմնականում Բելգիայում, սառեցվել է մոտ 200 մլրդ եվրոյի ռուսական ակտիվ, հիշեցնում է FT-ն։ Ավելի վաղ ԵՄ-ը համաձայնել էր օգտագործել դրանցից փետրվարին ստացված եկամուտները Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով։

Հունգարիան արդեն վաղուց դեմ է այն բանին, որ 27 երկրները կոլեկտիվ կերպով ռազմական աջակցություն ցուցաբերեն Ուկրաինային։ Բուդապեշտը նաեւ արգելակում է յոթ այլ որոշումներ՝ կապված Կիեւի զինման հետ, մոտ 6,6 մլրդ եվրո ընդհանուր գումարի չափով, նշում է FT-ն։

Նոր իրավաբանական սողանցքը այսօր քննարկելու են ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները։ Ինչպես գրել է FT-ն, այն վճռական նշանակություն է ունենալու նաեւ այն բանի համար, որ G7-ի երկրները կարողանան Ուկրաինային տալ 50 մլրդ դոլարի չափով վարկ մինչեւ այս տարեվերջ։ «Յոթնյակի» պլանի համաձայն՝ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը հաջորդ տարվանից կուղղվի վարկի վճարմանը։

Հունգարիայի դիրքորոշումը, որը կարող է արգելակել ԵՄ որոշումը ռուսական ակտիվների արգելման մասին անորոշ ժամկետով, զգալի ձգձգումներ է առաջացրել այդ 50 մլրդ դոլար վարկի վերաբերյալ բանակցություններում։ Պաշտոնյաների խոսքով, որոնց հարցում է արել FT-ն, նոր իրավաբանական մեխանիզմը, ամենայն հավանականությամբ, բավական կլինի, որպեսզի երաշխավորի վարկի վճարումը։

Սակայն Հունգարիան դեռ կարող է արգելափակել ԵՄ պատժամիջոցները, որոնց համաձայն՝ ռուսական ակտիվները սառեցվել են. այդ որոշումը ԵՄ բոլոր անդամները պետք է միաձայն հաստատեն յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ։

Spread the love