ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանները, որոնք առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անընդունելի են, գրում է BBC-ն։
Պուտինը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է, որ բանակցությունների պայմանը ուկրաինական զորքերի դուրսբերումն է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքից, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։
«Ոչ, դրանք անընդունելի են», – պատասխանել է Թրամփը հաղորդավարի ուղիղ հարցին։
Բանավեճի ընթացքում Թրամփը կրկին ասել է, որ ինքը կլուծի հակամարտությունը, եթե հաղթի ընտրություններում նախքան պաշտոնապես ստանձնելը, սակայն չի հստակեցրել, թե ինչպես է մտադիր դա անել։
Խոսելով 2021 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին՝ Թրամփը դա անվանեց «ամենամոթալի պահն այս երկրի պատմության մեջ» և ասաց, որ ԱՄՆ-ի անգործունակությունն այդ պահին, ի թիվս այլ բաների, դրդել է Ռուսաստանին ներխուժել Ուկրաինա։
«Ես երբեք այսքան անհեթեթություն չեմ լսել իմ կյանքում», – ասել է Բայդենը։ Նա Վլադիմիր Պուտինին անվանել է ռազմական հանցագործ և ասել, որ նա մտադիր չէ կանգ առնել Ուկրաինայում։