2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 533 քրեական վարույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։
«Նշված քրեական վարույթներից 327-ով կայացվել է քրեական վարույթը կարճելու մասին որոշում, 67 քրեական վարույթ՝ 165 անձի վերաբերյալ, ուղարկվել է իրավասու դատարան:
Նշված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 347 անձի նկատմամբ, որոնցից 93 նկատմամբ՝ դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ»,-նշեց նա։
Վարդապետյանի խոսքով՝ գլխավոր դատախազությունում գործող Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը գրեթե ամբողջովին կազմափոխվել է, համալրվել է բարձր մասնագիտական որակներ և պատրաստվածություն ունեցող բարեվարք դատախազներով, որոնց գերակշիռ մասը երիտասարդ է: