Ռուսաստանը բաց է Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած երկխոսության համար, այդ թվում եւ միջնորդների մասնակցությամբ, բայց իր նպատակներին հասնելու պայմանով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչն այսպես է պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան Կիեւի հետ բանակցությունների միջնորդների միջոցով, ինչպես առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ ՌԴ-ն բաց է ցանկացած շփման, ցանկացած երկխոսության համար՝ հասնելու այն նպատակներին, որոնք մենք մեր առջեւ դրել ենք։ Նախագահը պահում է այս բացությունը, նա այդ մասին բազմիցս ասել է»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Philadelphia Inquirer պարբերականի հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունների միակ տարբերակը միջնորդների օգտագործումն է, այնպես, ինչպես արվել է հացահատիկի սեւծովյան միջանցքի քննարկման եւ ստեղծման ժամանակ։