Ընդերքի արագ դեգրադացիան վտանգներ է պարունակում կենսաբազմազանության եւ մարդկային կյանքի համար։ Այս մասին Ագադիրում հայտնել է ՄԱԿ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի (ՅՈւՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։
Նա ելույթ է ունեցել «Կայունության հիմքի վրա. բացահայտելով ընդերքի կարեւորությունը կայուն զարգացման համար» թեմայով միջազգային համաժողովի փակմանը, որը կազմակերպել էին ՅՈւՆԵՍԿՕ-ն եւ Մարոկկոյի իշխանությունները։ «Ընդերքի արագ դեգրադացիան լուրջ վտանգներ է պարունակում կենսաբազմազանության եւ մարդկային կյանքի համար։ Ընդերքը վճռական դեր է խաղում Երկրի վրա կյանքի պահպանման համար, սակայն այն հաճախ անտեսում են կամ վատ են կառավարում»,- Ազուլեին մեջբերել է Maghreb Arabe Press տեղեկատվական գործակալությունը։
Նա դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին՝ կոչ անելով բարելավել ընդերքի պաշտպանությունը եւ վերականգնումը։ «Ընդերքի վերաբերյալ վաթսունամյա փորձ ունենալով՝ մեր կազմակերպությունը կօգնի պետություններին կատարելագործել գիտելիքները եւ պատրաստել մասնագետներ, որպեսզի կարելի լինի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- ավելացրել է գլխավոր տնօրենը։
Ագադիրում հրապարակված ՅՈւՆԵՍԿՕ-ի տեղեկության համաձայն՝ առողջ ընդերքը անհրաժեշտ է էկոհամակարգերի եւ կենսաբազմազանության պահպանման, կլիմայի կարգավորման, մթերքների արտադրության եւ անգամ ջրերի մաքրման համար։ Անապատացման համաշխարհային ատլասի համաձայն ընդերքի 75 տոկոսը ենթարկվել է դեգրադացիայի, ինչն ուղղակի ազդեցություն է գործում 3,2 մլրդ մարդու վրա։ Եվ եթե ներկա միտումը պահպանվի, մինչեւ 2050թ. այդ ցուցանիշը կհասնի 90 տոկոսի։