Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի 3 շարժասանդուղքները մինչև տարեվերջ կփոխարինվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հավանություն տեց  Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II»  ֆինանսական պայմանագիրը (5 մլն եվրո) ուղղված է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը:

Ծրագրի «Դրենաժային թունելի երկարացում և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքներ» բաղադրիչի շրջանակներում նախատեսված աշխատանքների ավարտն ակնկալվում էր 2024թ․ ապրիլին, սակայն իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների արդյունքում ավարտը հետաձգվել է մինչև 2024թ. հունիս, որին հաջորդելու է հանձնման-ընդունման գործընթացը։

Ֆինանսական պայմանագրի շրջանակներում չօգտագործված վարկային միջոցները կազմում են շուրջ 2.1 մլն եվրո, իսկ հիշյալ բաղադրիչի իրականացումից հետո վարկային միջոցներից առաջանալու է շուրջ 1.4 մլն եվրոյի չափով խնայողություն, որը նախատեսվում է ծախսել հետևյալ լրացուցիչ ուղղություններով.

Դեպոյի տանիքի վերանորոգում, դռների փոխարինում՝ 370,000 եվրո,

«Սասունցի Դավիթ» կայարանում 3 շարժասանդուղքի փոխարինում՝ 280,000 եվրո,

Ակումուլյատորային կայանքների լիցքավորման-լրալիցքավորման 12 համակարգի ձեռքբերում՝ 387,000 եվրո

Ստացիոնար ակումուլյատորային 684 հատ մարտկոցի և լիցքավորման-լրալիցքավորման 2 համակարգի ձեռքբերում՝ 234,000 եվրո

Դեպոյի կանգառավերանորոգման և վերամբարձ-վերանորոգման հատակի վերականգնման, ջեռուցման, լուսավորության, անվտանգային և հակահրդեհային համակարգերի տեղադրում՝ 140,000 եվրո:

Հաշվի առնելով վերոհիշյալ բաղադրիչի, ինչպես նաև հավելյալ աշխատանքների ամբողջական իրականացման համար պահանջվող լրացուցիչ ժամանակի անհրաժեշտությունը՝ ներկայում նախատեսվում է վերոհիշյալ ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 6 գրության ստորագրումը, որով վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետը կերկարաձգվի մինչև 2024թ. դեկտեմբերի 27-ը:

Spread the love