Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանում տրամադրվող կենսաապահովման պայմանների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի, սպիտակեղենի, անձնական հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի տրամադրման հետ կապված հարցերը։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաև Կացարանի աշխատակիցների հետ:
Այցի ընթացքում արձանագրվել են խնդիրներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ խոհանոցի և սանհանգույցների սանիտարահիգենիկ վիճակին: Կացարանի շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Արձանագրվել են ապաստան հայցող երեխաների կրթության իրավունքի, առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխաներին տրամադրվող աջակցության և խնամքի պատշաճ ապահովման հետ կապված համակարգային խնդիրներ, որոնց լուծման համար պետությունը պետք է ներդնի գործուն կառուցակարգեր:
Չնայած իրավասու մարմնի կողմից ձեռնարկվող քայլերին, խիստ մտահոգիչ է, որ դեռևս շարունակվում են չլուծված մնալ հարևան մասնաշենքերից կոյուղաջրի արտահոսքի հետևանքով առաջացած խնդիրները, որի առնչությամբ Պաշտպանը անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմել է համապատասխան մարմնին։
Արձանագրվել է, որ Կացարանում արաբերեն լեզվի մասնագետ չկա, այնպիսի պայմաններում, երբ Կացարանում բնակվող ապաստան հայցողների մեծամասնությունը արաբախոս է։
Կացարանի տնօրինությունը բարձրացրել է նաև Կացարանի անվտանգության ապահովման հետ կապված հարցը՝ նշելով մասնագիտացված ծառայության ներդրման անհրաժեշտությունը։
Առանձնազրույցների ընթացքում Կացարանում բնակվող անձանց պարզաբանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը և Պաշտպանի լիազորությունները, մանրամասն քննարկվել են անձանց կողմից բարձրացված հարցերը:
Անահիտ Մանասյանն այցելել է նաև «Հանրակացարաններ» ՊՈԱԿ։ Շրջայց է իրականացվել տարածքով, ուսումնասիրվել են բնակիչների կենցաղային պայմանները, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ ՊՈԱԿ-ի բնակիչների կողմից բարձրացված բոլոր խնդիրները հաշվառվել են։
Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջով և առաջարկություններով գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։