Երթուղային թերթիկը հնարավորություն կտա ապահովել երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված:
Առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:
Օրենքում սահմանվում է նաեւ «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն»  հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը եւ իրականացնել վերահսկողությունը:
Օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովը կառաջարկի ԱԺ խորհրդին հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Spread the love