Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նախագիծը կնպաստի հարկային հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ կկանխի հարկվող բազայի քայքայման եւ շահույթի տեղաշարժի փորձերը:

Տրանսֆերային գնագոյացման ստուգումների հատուկ ընթացակարգ է գործելու: Հարկ վճարողը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին է ներկայացնելու իր վերահսկվող գործարքների մասին ծանուցումը, որից հետո յուրաքանչյուր ներկայացված ծանուցում ենթարկվելու է անհատական վերլուծության: Որեւէ ռիսկի վերհանման դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հարկային մարմինը դիմելու է հարկ վճարողին, որպեսզի վերջինս 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնի ռիսկային համարված վերահսկվող գործարքի վերաբերյալ փաստաթղթավորում: Հարկային մարմնի կողմից այդ փաստաթղթերն ուսումնասիրվելու են: Գործընթացը կարող է տեւել տարիներ: Հարկային մարմինը կամ բավարարվելու է ներկայացված փաստաթղթերով կամ իր ունեցած տեղեկատվության համաձայն՝ հաշվարկներ է իրականացնելու եւ առաջարկելու է հարկ վճարողին կատարել ճշգրտում: Հարկ վճարողը հարկային մարմնի հետ համաձայն լինելու դեպքում իրականացնելու է ճշգրտում, իսկ չհամաձայնելու դեպքում՝ ներկայացնելու է հակառակ փաստարկներ հարկային մարմին: Հարկ վճարողի կողմից ներկայացված փաստարկներն ընդունելու դեպքում տրանսֆերային գնագոյացման բուն ստուգման գործընթաց չի սկսվում, իսկ հակառակ դեպքում սկսվում է տրանսֆերային գնագոյացման ստուգում: Ստուգման գործընթացը կարող է լինել բավականին երկար, քանի որ այդ գործընթացում արդեն կարող են ներգրավվել օտարերկրյա հարկ վճարողներ եւ հարկային մարմիններ:

Պատգամավորներին հետաքրքրել  են տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագիրը չհրապարակելուն, շուկայական գների համապատասխանության կարգավորմանը, հարկման ազատական համակարգ ունեցող երկրներից տեղեկատվություն ստանալու հնարավորությանը վերաբերող հարցերը:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Spread the love