ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոյին։
Նախարարը, շնորհավորելով նրանց, մաղթել է մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, կարևորել նրանց շարունակական կրթությունը, մասնագիտական հմտությունների և ունակությունների զարգացումը։
«Տնտեսության որևէ ճյուղ հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների: Եթե ուզում ենք ունենալ թռիչքային աճ տնտեսության բոլոր ճյուղերում, ապա պետք է կարողանանք արդյունավետ տեխնոլոգիական, նորարարական լուծումներ ներդնել ցանկացած ոլորտում՝ լինի դա էներգետիկան, արդյունաբերությունը, թե անվտանգությունը։
Այսօր ձեզանից յուրաքանչյուրը ստանում է գիտելիքների ու հմտությունների մի մեծ պաշար, որն արդեն վաղը կիրառելու է մեր երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելու համար։ Դուք մուտք եք գործում մի փուլ, որտեղ ձեր հմտություններն ու կարողունակությունները, որոնք կուտակել եք Հայաստանի տեխնոլոգիական համալսարանում, կարողանալու եք օգտագործել ի նպաստ այդ խնդիրների լուծման»,-դիմելով շրջանավարտներին՝ նշել է Մխիթար Հայրապետյանն ու հավելել՝ ՀՀ կառավարության համար Հայաստանի տեխնոլոգիական համալասարանն իրապես ամուր հենարան է հանդիսանում։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը տեխնոլոգիական ոլորտի մասնագետների պատրաստման գործում տասնամյակներ շարունակ կարևորագույն դերակատարություն ունի։ Այժմ էլ շարունակելով ավանդույթները՝ ՀԱՊՀ-ն աշխատում է ժամանակի զարգացումներին համահունչ՝ կրթության և գիտության մեջ ներդնելով նորարարական, առաջադեմ մոտեցումներ և լուծումներ։
Միջոցառմանը ներկա են եղել ՀԱՊՀ խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, պրոֆեսորներ, դասախոսներ, շրջանավարտներ:
Լրատվություն