Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը, ըստ թուրքական Anadolu գործակալության՝ վերահաստատել է իր աջակցությունը Կիպրոսում երկու պետությունների ձևավորմանը, հայտարարելով, թե «արևելյան միջերկրածովյան կղզում իրողությունների անտեսումը ոչ մի բանի չի հանգեցնի»:
«Կարծում ենք՝ Կիպրոսի դաշնային լուծումն անհնար է», – ասել է Էրդողանը ոգեկոչման արարողության ժամանակ՝ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մայրաքաղաք Լեֆկոսա պաշտոնական այցով ժամանելուց անմիջապես հետո:
Էրդողանը, որի այցը համընկնում է Կիպրոսի բռնազավթման 50-ամյակի հետ, Անկարայի պատրաստակամությունն է հայտնել բանակցությունների «և, ի վերջո, կղզում կայուն խաղաղության և կարգավորման հասնելու համար»: Նա նշել է, թե Կիպրոսի հունական կողմը «փչացած մտածելակերպ ունի՝ իրեն համարելով կղզու միակ տիրակալը»:
Էրդողանը միաժամանակ հայտարարել է, թե Կիպրոսի հունական կողմը «հստակ ցույց է տվել, որ մտադիր չէ կիսել քաղաքական իշխանությունը կամ բնական ռեսուրսները կղզու կիպրացի թուրքերի հետ»։
Հայտարարելով, թե Հյուսիսային Կիպրոսը «Թուրքիայի աչքի լույսն է»՝ Էրդողանը շեշտել է, որ Անկարան և Լեֆկոսան 50 տարի շարունակ միավորվել են «մեկ սրտով, մեկ դաստակով»: Նա հավելել է, որ Թուրքիան «շարունակում է իր վճռական ջանքերը՝ ապահովելու համար, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջազգային ճանաչումը և երկու պետությունների ստեղծման մասին որոշման իրագործումը»։
Կիպրոսի բռնազավթված՝ թուրքական հատվածի ղեկավար Էրսին Թաթարի մասնակցությունը Բաքվի վերահսկողության տակ անցած հայկական Շուշիում «Թյուրքական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովին» «դրա ամենավերջին օրինակն» անվանելով՝ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «այս գործընթացում հաստատակամություն ցուցաբերելու համար»։