Այս պահին իրականացվում են GIS համակարգով աղբամանների տեղադրման աշխատանքներ, որը թույլ կտա տեսնել, թե մայրաքաղաքում որ աղբամաններն են մաքրվել յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ, որոնք են մնացել: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը՝ նշելով, որ GIS համակարգի գործարկման արդյունքում ավելի կառավարելի կդառնա աղբահանության աշխատանքը մայրաքաղաքում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ այդ համակարգի ներմուծման արդյունքում կարողանալո՞ւ են օնլայն ռեժիմով տեսնել աղբահանության մասով կատարված աշխատանքները: Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ այս պահին աղբամանների թվայնացում է իրականացվում, երկրորդ փուլով աղբատարների GPS տվյալները կցուցադրվեն քարտեզի վրա, որն էլ թույլ կտա վերահսկել աղբահանության գործընթացը:
Սաշա Կատվալյանը նշեց, որ մի քանի գործիք է նախատեսվում այս գործընթացի համար, առաջին՝ ցույց է տրվելու, որ աղբատար մեքենան մոտեցավ աղբամանին, երկրորդ՝ ինչքան ժամանակում այդ գործողությունն արվեց, երրորդ՝ քանի անգամ պիտի աշխատի աղբատար մեքենայի ամբարձիչը, այսինքն՝ եթե տարածքում կա 4 աղբաման, աղբամանը 4 անգամ պետք է բացվի-փակվի: