Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ

Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են, ասել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։

«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը մեկ ամիս առաջ հայտարարեց։

Դրան հաջորդեցին Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան բանակցությունները, որից հետո հայտարարվեց պայմանագրի կնքման ուղղությամբ առաջնթացի մասին։ Սակայն, պարզ չէ, թե դա ինչին էր վերաբերում։

Spread the love