4-6-3 ամիս սպասելը պլանային բժշկական միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է. Ավանեսյանը` բողոքների մասին

2-3 ամիս սպասելը պլանային բժշկական միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նշենք, որ արդեն 2 ամիս է` քաղաքացիներն ահազանգում են, որ պետպատվերով բժշկական ծառայություն ստանալու համար ստիպած են ամիսներով սպասել։

«Ես միշտ կրկնում եմ, որ մինչև 4-6 ամիս ժամկետում անհրաժեշտ պլանային միջամտություն ստանալը լրիվ տեղավորվում է միջազգային ստանդարտների մեջ։ Այո՛, մենք ամեն ինչ անում ենք, որ հերթերը հնարավորինս կարճ լինեն։ Առաջիկայում մենք նախագիծ ենք ներկայացրել որոշակի վերաբաշխումներ իրականացնելու համար, և այդ հերթերն է՛լ ավելի կկրճատվեն»,–ասաց Ավանեսյանը։

Նա ընդգծեց` բուժառուները պետք է հասկանան, որ կա երկու տիպի բժշկական օգնություն` անհետաձգելի և պլանային։ Պլանային բուժօգնություն ստանալը մշտապես լինելու է հերթագրումով։

Նշենք, որ դեռևս նախորդ տարեվերջին Ավանեսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով «օֆերտայի» պայմանագիրը։

Հիշեցնենք` պետպատվերի գործընթացում արված փոփոխությունները գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակում, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի։

Spread the love