Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել հայկական 16 մատակարարից գյուղմթերքի ներմուծումը

Հուլիսի 26-ին «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեն առցանց բանակցություններ է վարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի հետ՝ կապված Հայաստանից Ռուսաստան վտանգավոր բուսական արտադրանքի արտահանման դեպքերի աճի հետ։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2024 թվականին Հայաստանից ռուսաստանյան շուկա է ներկրվել 73,9 հազար տոննա միրգ և բանջարեղեն, ինչը գործնականում համապատասխանում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին (74,8 հազար տոննա)։ Մատակարարման հիմնական ծավալը բաժին է ընկել ծիրանին (28,8 հազար տոննա), խնձորին (12,4 հազար տոննա), լոլիկին (8,7 հազար տոննա), պղպեղին (5,7 հազար տոննա):

Բանակցությունների ընթացքում «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել, որ 2024 թվականին Ռուսաստան ներմուծված արտադրանքի գրեթե կեսը չի ներկայացվել «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնյաներին՝ նպատակակետում կարանտինային բուսասանիտարական  վերահսկողություն կատարելու համար:

Այս կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով դադարեցնել խախտումներ թույլ տված հայկական մատակարարներին բուսասանիտարական հավաստագրերի տրամադրումը։

Ռուսաստանյան կողմն ընդգծել է, որ այս մասով երկու երկրների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը զգալիորեն կհեշտացնի աշխատանքը և թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներին առցանց հետևել առկա հավաստագրերին։

Բացի այդ, Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտներ են հայտնաբերվել հայկական բուսասանիտարական հավաստագրերով ուղեկցվող ապրանքներում։ Արձանագրվել է նաև թունաքիմիկատների և գյուղաքիմիկատների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցելու 98 դեպք։ Որոշ գործող նյութերի նորման գերազանցվել է 5-8 անգամ։

«Ռոսսելխոզնադզորը» նամակ է ուղարկել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որում գործակալությունը մտահոգություն է հայտնել համակարգված կերպով բացահայտված փաստերի վերաբերյալ և խնդրել է կասեցնել խախտումներ թույլ տված 16 մատակարարների ապրանքների առաքումը Ռուսաստանի շուկա՝ մինչև պատճառների հետաքննության ավարտը։

Զրույցի ընթացքում  Ծառայությունն ընդգծել է Հայաստանի կողմից համապարփակ միջոցներ ձեռնարկելու և հավաստագրեր ստացած արտադրանքի նկատմամբ խիստ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտությունը։

Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչության ներկայացուցիչները վստահեցրել են, որ ստուգումն արդեն սկսվել է։ Դրա արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի «Ռոսսելխոզնադզորին»:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այս տարվա օգոստոսի վերջին ռուսաստանցի մասնագետների Հայաստան այցի վերաբերյալ՝ Ռուսաստան ներմուծման համար նախատեսված ապրանքների՝ սկսած լոլիկից, արտադրության, վերամշակման, պահպանման և փոխադրման վայրերում համատեղ ստուգում իրականացնելու և  բուսական արտադրանքի որակի վերահսկման համակարգին  ծանոթանալու համար։

Spread the love