Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիտում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրին՝ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով։
Այս ծրագրով նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։
Ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։ Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին և մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ, ենթակայանների երկաթբետոնյա կոնստրուկցիաները 40-ից ավելի տարիներ շահագործման մեջ գտնվելով քայքայվել են, իսկ մալուխային խրամուղիները, ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվելով, չեն ապահովում մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայմանն ու վթարների առաջացմանը:
Ենթակայանների վերակառուցման իրականացման նպատակներն են՝
– էներգետիկ ենթակառուցվածքների վերազինում, արդիականացում և առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքների իրականացում,
-սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակի և վթարների վերացման տևողության նվազեցում՝ բարձրացնելով էներգահամակարգի հուսալիությունը և կայունությունը։
Ենթակայանների օգտակար ծառայության ժամկետի երկարացման և անխափան շահագործման ապահովման համար անհրաժեշտ է հնացած և ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսները սպառած սարքավորումները փոխարինել նորերով, տեխնոլոգիապես հնացած ռելեական պաշտպանության սարքավորումները՝ միկրոպրոցեսորայինռելեներով, իրականացնել քայքայված երկաթբետոնյա կառույցների, խրամուղիների, հիմքերի, հողանցման կոնտուրների վերականգնողական, շինմոնտաժային աշխատանքներ և այլն: