Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն անցկացրին Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացվող գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից NEWS.am-ին տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՀՀ վիճակագրական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ըստ սահմանված օրակարգի, ներկայացրել է 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը և առանձնահատկությունները:
Խոսվել է նաև մարզային հանձնաժողովի և համայնքապետարանների կողմից ակնկալվող նախապատրաստական աշխատանքներին ու հաշվառման գործընթացին ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերող հարցերի շուրջ:
Ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի ամբողջական բարելավմանը՝ ոլորտը դարձնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորել է ծրագրի իրականացումը և հավաստիացրել, որ գործընթացը մարզում կկազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ և պատշաճ մակարդակով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը իր երախտագիտությունն է հայտնել Գեղարքունիքի մարզպետին և գյուղատնտեսակական համատարած հաշվառման մարզային հանձնաժողովին՝ նման ընդգրկուն միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում մեծ պատրաստակամություն ցուցաբերելու համար։