«Այստեղ նայիր, հոգեկան հիվանդ մարդասպան». Թուրքիան և Իսրայելը կատաղի դիվանագիտական ​​գոտեմարտի են բռնվել

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունն ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի խոնարհել է իր դրոշը:

«Իսրայելը չի ​​ընդունի Իսմայիլ Հանիեի պես մարդասպանի համար սուգ պահելու որևէ արտահայտություն»,- ասված է Կացի անունից հայտարարության մեջ։ «Եթե դեսպանատան ներկայացուցիչները ցանկանում են սգալ, թող գնան Թուրքիա և սգան իրենց տիրոջ Էրդողանի հետ, որն աջակցում է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությանը և հավանություն է տալիս նրա բոլոր գործողություններին»:

Իսկ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, ըստ «Այսօր Իսրայելում» պորտալի՝ հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցները կարող են «բոլորովին հանել դրոշը և վերադառնալ տուն»։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը սոցիալական ցանցերում պատասխանել է Իսրայելի արտգործնախարարին։

«Այստեղ նայիր, հոգեկան հիվանդ մարդասպան։ Քանի դեռ անմեղ մարդկանց արյունը ծծող կեղտոտ բերանովդ արտասանում ես Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը, մենք կշարունակենք էլ ավելի աջակցել նրան և էլ ավելի վճռականորեն կանգնել նրա թիկունքին։ Մեր նախագահը և մեր երկիրը ձեզ պես արյունախում ցեղասպան մարդասպաններից սովորելու բան չունեն։

Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»,- Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները։

Spread the love