Փարիզ-2024. Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանն այսօր կպայքարեն մեդալների համար

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանը կունենա երկու մասնակից: Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը կմասնակցեն երկու եզրափակիչների:

Առաջինը մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ կմասնակցի օղակների վարժության եզրափակիչին:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Վահագն Դավթյանը որակավորման փուլում գերազանց կատարումով վաստակեց 14.733 միավոր եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն ստանալով իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարել մեդալի համար:

Վահագն Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Անմիջապես օղակների վարժության եզրափակիչից հետո կմեկնարկի հենացատկի վարժության եզրափակիչը, որտեղ պայքարի մեջ կլինի Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից մեկը՝ Արթուր Դավթյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հուլիսի 27-ին վաստակել է 14.666 միավոր:

Արթուր Դավթյանը համարվում է այս վարժության գլխավոր ֆավորիտը:

Նրա մասնակցությամբ եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին Երեւանի ժամանակով 18:25-ին:

Հիշեցնենք, որ 15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Spread the love