ԵՄ Խորհուրդը երկուշաբթի որոշել է սահմանափակիչ միջոցներ մտցնել եւս 8 մարդու դեմ Բելառուսում՝ ներքին բռնաճնշումների եւ մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Ինչպես գրել է «Европейская правда»-ն, այս մասին տեղեկացրել են ԵՄ Խորհրդում։
Սահմանափակիչ միջոցները մտցվել են ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի երկու տեղակալների նկատմամբ։ Վարչությունը գլխավոր մարմիններից մեկն է, որը պատասխանատու է Բելառուսում քաղաքական հետապնդումների համար, ներառյալ անօրինական ձերբակալությունները եւ դաժան վերաբերմունքը ակտիվիստների նկատմամբ, այդ թվում կտտանքները։
Այսօրվա ցուցակներում ներառված են նաեւ դատական իշխանության տարբեր ներկայացուցիչներ, դատախազներ եւ բազմաթիվ դատավորներ, որոնք քաղաքականացված դատավճիռներ են կայացրել այդ թվում 2020թ. նախագահական ընտրությունների զեղծարարությունների դեմ հանդես եկող քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրենց կարծիքն են հայտնել Լուկաշենկոյի ռեժիմի դեմ։
Սահմանափակիչ միջոցները վերաբերում են նաեւ տարբեր ուղղիչ հաստատությունների (բանտերի եւ քննչական մեկուսարանի) ղեկավարներին։
Պատժամիջոցների են ենթարկվելու Լուկաշենկոյի վաղեմի կողմնակիցները, որոնք շահ են ստացել նրա ռեժիմից։ Նրանց թվում են պետական խոշոր տեղեկատվական գործակալության՝ «Белорусское телеграфное агентство»-ի (БелТА) գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը, «Սենատ» հաղորդման վարող (ՍՏՎ ալիքում) Նիկիտա Ռաչիլովսկին, որը նաեւ Բելառուսի Ազգային ժողովի Երիտասարդական խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ Լուկաշենկոյի մամուլի ծառայության նախկին ղեկավար եւ ԲելՏԱ-ի բազմամյա գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուկը։
«Ռեժիմի այդ քարոզիչները բելառուս հանրությանը ներկայացրել են կեղծ տեղեկություն բռնաճնշումների մասին, որոնք իրականացրել է պետական իշխանությունը, տարածել են ապատեղեկատվություն եւ նպաստել ատելության հրահրմանը դեմոկրատական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության դեմ»,- հայտնել են ԵՄ Խորհրդում։
Բելառուսի դեմ ԵՄ սահմանափակիչ միջոցները կիրառվում են 261 ֆիզիկական եւ 367 իրավաբանական անձանց դեմ։
Նրանց ակտիվները, ովքեր այսօր հայտնվել են ցուցակում, կսառեցվեն, իսկ ԵՄ քաղաքացիներին եւ ընկերություններին արգելված է նրանց միջոցներ տրամադրել։ Ֆիզիկական անձանց նկատմամբ լրացուցիչ մտցված է մուտքի արգելք, ինչը նրանց թույլ չի տա մտնել ԵՄ տարածք կամ տարանցել նրա տարածքը։ Այս պատժամիջոցներն ընդունվել են 2020թ. օգոստոսին նախագահական ընտրությունների զեղծարարությունների տարելիցի նախօրեին։