Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը, ինչն առավել տեսանելի ու կարեւոր է մեր երկրի պարագայում: Հայաստանում երիտասարդության ներուժի օգտագործումը գնալով էլ ավելի մեծ չափերի է հասնում՝ հատկապես 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, որի հաղթական առանցքում հենց երիտասարդությունն էր:

Արժեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը՝ ցանկանում եմ, միեւնույն ժամանակ, արձանագրել, որ այն դեռեւս իր ամբողջ պոտենցիալով չի օգտագործվում մեր երկրի պետականաշինության գործընթացում: Վստահեցնում եմ՝ Հայաստանի իշխանությունները բաց են ձեզ հուզող տարբեր խնդիրների քննարկումներով եւ պատրաստակամ՝ դրանց լուծումներ տալուն:

Սիրելի՛ երիտասարդներ, խորհուրդս է ձեզ՝ մշտապես ինքնակրթվել, լինել նպատակասլաց ու պահանջատեր քաղաքացի՝ ծառայեցնելով ձեռք բերված գիտելիքները հանուն մեր երկրի վառ ապագայի:


Spread the love