Իսրայելն այս ամիս առաջին անգամ իր զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի, գրում է The Wall Street Journal-ը։ Թել Ավիվը նման կերպ է արձագանքում Իսրայելի վրա հնարավոր հարձակման Իրանի ու «Հըզբոլլահ»-ի նախապատրաստություններին։
Միաժամանակ The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելում հստակ չգիտեն՝ Իրանը կփորձի՞ հարձակվել իր վրա, թե՞ ոչ։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին երկուշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի կողմից հարձակումներին, որոնք կարող են տեղի ունենալ այս շաբաթ։ Նա նշել է, որ Վաշինգտոնն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել էր արագացնել F-35C կործանիչներով հագեցած Abraham Lincoln ավիակիրով ավիակիր հարվածային խմբի տեղափոխումը Մերձավոր Արևելք։ Այնտեղ արդեն գործում է Theodore Roosevelt ավիակրի գլխավորությամբ ռազմանավերի խումբը։