Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որի մասնակիցները հանրությանը ցուցադրեցին ավանդական տարազներ, ինչպես նաև տարազային, հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող ժամանակակից հագուստ: Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն»-ի նախաձեռնությամբ:
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակն է մասսայականացնել և հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ծանոթացնել հազարամյակների պատմություն ունեցող հայկական արժեքներին։ «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:
Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ Եվրոպա Նոտրա մրցանակաբաշխության 2024 թվականի մրցանակի հանձնումը «Տերյան մշակութային կենտրոն»-ին իր՝ «Ստեղծագործ Դրախտ- Զորեղացնելով Արցախի փախստականներին» ծրագրի համար։ Մրցանակը հանձնելու համար Իտալիայից հատուկ ժամանել էր Եվրոպա Նոստրա խորհրդի անդամ, մրցանակաբաշխության ծրագրերի գնահատող Գայանե Կազնատին։ Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի փոխդեսպանը, մշակութային ժառանգության պահպանման ներկայացուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդականը, և մի շարք միջազգային կազմակերպության ներկայացուցչություններ։ Նշենք, որ Հոկտեմբերի 6-8ը, Տերյան մշակութային կենտրոնի հիմնադիր Լիլիթ Մելիքյանը և «Ստեղծագործ Դրախտ» ծրագրի նախագծի ղեկավար Անուշիկ Ղուզանյանը կլինեն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում՝ ներկայացնելու ծրագիրն ու մրցանակը բերելու Հայաստան։
Հիշեցնենք, որ հանրային ձայնի քվեարկությունը շարունակվելու է մինչև սույն թվականի Սեպտեմբերի 22-ը։ Դուք կարող եք քվեարկել «Տերյան մշակութային կենտրոն»-ի օգտին հետևյալ հղմամբ՝ https://vote.europanostra.org/ ՝ նպաստելով Գրան Պրիի մրցանակի հաղթանակին, որը կխրախուսի և կնպաստի ծրագրի շարունակականությանը։
Լրատվություն