Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից. Փաշինյան

Ադրբեջանը քննադատում է, որ Հայաստանը Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցություն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Իտալիայից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից: Ինչու Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից: Ասում են՝ Արեւմուտքը զինում է Հայաստանին: Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից: ԵՄ-ի առնվազն երեք երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ադրբեջանը ահռելի զենք է ձեռք բերում Իսրայելից:

Բայց մենք այստեղ էլ չենք գնում կոնֆլիկտային ճանապարհով: Ասում ենք՝ ունե՞ք մտահոգություն, մենք էլ ունենք, եկեք սպատռազինությունների փոխադարձ վերահսկման եւ կրճատման մեխանիզմներ ձեւավորենք: Այդ առաջարկն ուժի մեջ է:

Մենք որեւէ կերպ հետաքրքրված չենք էսկալացիայով»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին. «Մեր հավատարմությունը չի սասանվելու, որովհետեւ մենք տեսնում ենք նաեւ ժողովրդի աջակցությունը: Սահմանազատման հարցում այդքան քննադատություն եղավ: Կիրանցից հետո, երբ ես գնացի Սյունիքի մարզ, այնտեղ մարդիկ հարցրեցին՝ ինչ է տեղի ունենում: Ես նկարներ ցույց տվեցի, իրենց առաջին ռեակցիան այն էր, որ մեզ մոտ ե՞րբ է դա տեղի ունենալու։ Սա աջակցություն է խաղաղության օրակարգին»,- ընդգծեց նա:

Spread the love