ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձ, որոնցից քաղաքացիություն տրվել է շուրջ 3000-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Մենք ամսի 30-ի դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել՝ անչափահասները չեն դիմում քաղաքացիություն ստանալու, որովհետև ծնողներին քաղաքացիություն տալուց հետո անձնագրի փոփոխությամբ անչափահասը դառնում է ՀՀ քաղաքացի»,-ասաց Ղազարյանը։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար արդեն գործում է դյուրացված կարգ։
«Քաղաքացիության մասին օրենքով սահմանված է 90 աշխատանքային օր՝ մոտ չորս ամիս, բայց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պարագայում միջինում գործընթացը տևում է երկու ամիս։ Երկրորդ էական հանգամանքը, որ այս համակարգի պատմության ընթացքում ընդհանրապես այդպիսի բան տեղի չի ունեցել, մենք առաջին անգամ ենք կիրառում՝ մեր բոլոր տարածքային ստորաբաժանումները մարզերում ընդունում են քաղաքացիության դիմումներ։ Եվ դա էականորեն արագացնում է գործընթացը։ Հնարավորինս նաև արագացնում ենք գործընթացները․ եթե, օրինակ, ունենում են ծննդյան վկայականի խնդիր, արդարադատության նախարարության մեր գործընկերների հետ աշխատում ենք այդ խնդիրներն արագ ձևով լուծել»,-եզրափակեց Արմեն Ղազարյանը։