ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և դրամական խրախուսում է տրամադրվել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Փոփոխությունը կատարվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N305-L որոշմամբ հաստատված «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագրի»:
Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «Ամերիկացին» հայկական ֆիլմի ստեղծագործական թիմին՝ Օսկարի մրցանակաբաշխությանը մասնակցելու, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ Ավինյոնի փառատոնին մասնակցելու և «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը փառատոնի շրջանակում ցուցադրելու, ինչպես նաև 3 երիտասարդ բալերոների՝ բալետային արվեստի լավագույն մրցույթ-փառատոներին մասնակցելու և մրցանակին տեղեր զբաղեցնելու համար։ Մասնավորապես՝ դրամական խրախուսում կտրամադրվի Ռազմիկ Մարուքյանին՝ «Արաբեսկ» մրցույթում 1-ին տեղը զբաղեցնելու համար, Գոռ Սարգսյանին և Ռաֆֆի Գալստյանին՝ «Դանսինգ Իտալի» պարի միջազգային մրցույթ-փառատոնում 1-ին մրցանակ ստանալու համար։
Դրամական խրախուսման հաշվարկն իրականացվում է մրցանակը ստանալուն հաջորդող ամսվանից 12 ամիս ժամկետով․ մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրվում է ամսական պարբերականությամբ (սկսած մրցանակը ստանալուն հաջորդող ամսվանից), իրավաբանական անձի դեպքում՝ միանվագ տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվում է դրամական խրախուսման բաշխումը։
Այսպիսով՝ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կարժևորվի մշակույթի գործիչների դերը հայ մշակույթի հանրահռչակման գործում, և նրանց համար կձևավորվի բարենպաստ ստեղծագործական միջավայր՝ նպաստելով ազգային ավանդական մշակույթի պահպանմանը, արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ու դիրքավորմանը, ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացմանը: