Եվրոպական ավտոարդյունաբերությունը կարող է 15 միլիարդ եվրո տուգանքի ենթարկվել իր ածխաթթու գազի արտանետումների համար՝ էլեկտրական մեքենաների պահանջարկի անկման պատճառով, ասել է Renault-ի գործադիր տնօրեն Լուկա դե Մեոն:
Ավտոարտադրողները 2025 թվականին կկանգնեն ԵՄ-ում CO2-ի արտանետումների խստացված նպատակային ցուցանիշների առաջ, քանի որ նոր մեքենաների վաճառքի համար արտանետումների սահմանաչափը 2024 թվականի 116 գրամ/կմ-ից կիջնի միջինը մինչև 94 գրամ/կմ-ի:
«Եթե էլեկտրական մեքենաները մնան ներկայիս մակարդակին, ապա եվրոպական արդյունաբերությունը, հավանաբար, ստիպված կլինի 15 միլիարդ եվրոյի տուգանք վճարել կամ հրաժարվել ավելի քան 2,5 միլիոն ավտոմեքենաների արտադրությունից», – France Inter ռադիոյին ասել է Դե Մեոն:
«Բոլորը խոսում են 2035 թվականի մասին, որը 10 տարի հետո է լինելու, բայց պետք է խոսենք 2025 թվականի մասին, քանի որ մենք արդեն դժվարություններ ենք ապրում,- ասել է նա։- Մեզ պետք է մի փոքր ճկունություն տրամադրել: Վերջնաժամկետներ և տույժեր սահմանելը, առանց դրանք ավելի ճկուն դարձնելու հնարավորության, շատ ու շատ վտանգավոր է»,- ավելացրել է Renault-ի գործադիր տնօրենը: