Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 7-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։Նշենք, որ մինչեւ քննիչի միջնորդությանն անցնելը փաստաբանները դատավոր Արղամանյանին մի քանի անգամ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը, սակայն մերժվել է։Դավիթ Արղամանյանը նոր ձեւավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել մի քանի ամիս առաջ։ Արղամանյանը 2018 թվականի «հեղափոխության» օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Մեկ տարի անց նա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի օգնական, այնուհետեւ՝ դատավոր։ Նախկինում Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում պարբերաբար հանդես էր գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: Նա «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն էր, ինչպես նաեւ ակտիվ «իմքայլական»։ Նա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Մհեր Արղամանյանը դատական համակարգում է 1996 թվականից: Հանրային հնչեղություն ունեցող գործեր քննող Արղամանյանը նույնպես քննադատվում է, ինչպես մի շարք փաստաբաններ են ասում՝ իշխանահաճո որոշումներով։








Spread the love