17,8%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները. Աննա Վարդապետյան

Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում և ընդդիմության և կառավարող խմբակցության ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայաստանում հանցավորության մակարդակի բարձրացման վերաբերյալ, նրանց տպավորությունը կամ պնդումը, կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակն էականորեն աճել է ու շարունակում է աճել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ պաշտոնական վիճակագրությունն ի՞նչ է ասում այս թեմայով:

Վարդապետյանն ասաց, որ 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ հանցավորության աճ էր գրանցվել, բայց 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մենք ունենք հանցագործությունների նվազում:

Դատախազը ներկայացրեց ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է հանցագործության 18818 դեպք, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում 19891 դեպք էր գրանցվել:

18818 դեպքից 81,7 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, այսինքն՝ նվազ ծանրության դեպքեր, երբ առավելագույն պատժի ժամկետը չի գերազանցում 5 տարին, այս դեպքերով, ըստ դատախազի, հիմնականում գործ ունեն կենցաղային հանցագործությունների հետ:

«Ծանր հանցագորոծությունները ևս նվազել են 8,2 տոկոսով, բայց դրան հակառակ ունենք մեզ անհանգստացնող վիճակագրություն, աճել են առանձնապես ծանր հանցագործությունները. դրանք 17,8 տոկոսով աճ են գրանցել: Ի՞նչն է մեզ համար մտահոգիչ, և վերլուծության ինքնուրույն առարկա կդառնա տարեկան հաղորդման մեջ, այն, որ զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճն է»,- ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ այս մասով օպերատիվ աշխատանք է կատարվում ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի հետ, և յուրաքանչյուր առանձնապես ծանր հանցագործության դեպք՝ մահվան ելքով, հրավիրվում է օպերատիվ խորհրդակցություն:

Spread the love