ՆԳՆ ներկայացուցիչները Չիկագոյում մասնակցել են Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին

Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) աջակցությամբ՝ սեպտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում էր ՀՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ:

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերի պատասխանատու Կարինե Քեշաբյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկ Հերմինե Մուրադյանը, Լոռու մարզի գումարտակի պարեկ Հեղինե Լոռյանը, Քննչական կոմիտեի Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը և Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ Արմինե Գևորգյանը:

Պատվիրակությունը մասնակցել է Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին, որն աշխարհի կին ոստիկանների և քրեական արդարադատության այլ ոլորտների կին ներկայացուցիչների ամենամեծ հավաքն է։

Թեմատիկ զեկույցներով հանդես են եկել անվանի դասախոսներ, անցկացվել են քննարկումներ և սեմինարներ՝ միտված կանանց դերի բարձրացմանը, ոստիկանությունում կանանց ներգրավվածության և առաջնորդության խթանմանը։

ՀՀ պատվիրակությունը հնարավորություն է ունեցել իրականացնելու փորձի փոխանակում, ծանոթանալու տարբեր երկրներում կանանց ներգրավվածությանն առնչվող խնդիրներին, մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը միտված միջազգային փորձին:

Համաժողովին մասնակցել են 74 երկրների շուրջ 850 ներկայացուցիչներ:

Spread the love