Դիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետը

Առողջարանային , պատմամշակութային արժեքներով  հզոր  և  զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեցող Դիլիջան  համայնքն  ընդունել է  իր բարեկամ  քաղաքի պատվիրակությանը: Այդ մասին փոխանցում է Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը, որտեղ մասնավորապես ասվում է,- «Դիլիջանի համայնքապետարանի հրավերով Դիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետ պարոն Ժան-Մարի Հալսդորֆի գլխավորած պատվիրակությունը:
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջանի համայնքապետարանում, որտեղ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և Պետանժի քաղաքապետ պարոն Հալսդորֆը քննարկել են երկու քաղաքների միջև համագործակցության հնարավորությունները և կնքել են համագործակցության հուշագիր:
Այնուհետև պատվիրակությունն այցելել է Դիլիջանի մարզահամալիր, որտեղ ծանոթացել են վերանորոգված համալիրի աշխատանքներին, աշակերտների համար նախատեսված ուսումնական տարածքներին և նոր սարքավորումներին:
Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ հյուրերը այցելել են նաև Հաղարծնի վանական համալիր, որտեղ ծանոթացել են հայկական կրոնական մշակույթին:
Պատվիրակության հաջորդ կանգառը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում էր, որտեղ հատուկ այս այցի առիթով կազմակերպվել էր «Պետանժի օրերը Դիլիջանում» թեմայով ժամանակավոր ցուցադրություն և Պետանժ քաղաքի մասին ֆիլմի ցուցադրություն»:
Լրատվություն
Spread the love