ԿԳՄՍ փոխնախարարը Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ առկա և հաջողությամբ իրականացվող տարաբնույթ ծրագրերին և միջոցառումներին, այդ թվում՝ 2027 թ. ՀՀ-ում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին: Նշվել է, որ երկկողմ համագործակցության խթանիչ ուժ կարող են հանդիսանալ նաև երիտասարդները, և այս առումով առկա է չիրացված մեծ ներուժ, որի գործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների երիտասարդների համար։

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրել է ներկայում ԿԳՄՍ նախարարության կողմից տարվող երիտասարդական պետական քաղաքականության գերակա ուղղությունները և դրանցից բխող ծրագրերն ու միջոցառումները։ Մասնավորապես՝ նախարարի տեղակալն անդրադարձել է երիտասարդության ոլորտը կանոնակարգող առաջին հիմնարար փաստաթղթի՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին՝ ընդգծելով դրա մշակման ընթացքում երիտասարդների և շահագրգիռ կողմերի մասնակցայնության բարձր մակարդակը:

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման մեծածավալ ծրագիրը, որը պետություն-ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն եռակողմ հաջող համագործակցության հիանալի օրինակ է: Հյուրերին ներկայացվել են նաև երիտասարդական պետական դրամաշնորհային ծրագրերը և միջազգային ֆորումները, փորձի փոխանակման և ճանաչողական այցերի օրինակները:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Մարտիրոսյանին երիտասարդական ծրագրերի և պետական քաղաքականության գերակայությունների մասին ամբողջական և լիարժեք տեղեկատվության ներկայացման համար, ինչը թույլ է տալիս ուրվագծել աշխատանքային քարտեզը և համագործակցության եզրեր նախանշել երկու երկրների երիտասարդության հետ առնչվող կառույցների միջև։ Մասնավորապես՝ Ֆլորանս Պրովանդիեն անդրադարձել է ֆրանսիական AFRAT կազմակերպության գործունեությանը, որը ՀՀ-ում իրականացնում է «Հայաստանի արահետներ» ծրագիրը։ Դրա շրջանակում ՀՀ մարզերում կազմակերպվում են քայլարշավներ և փառատոներ՝ երիտասարդության շրջանում քայլարշավների մշակույթի զարգացման, դրանց միջոցով հայրենաճանաչության, բնության պահպանության, համայնքի, մարզի արժևորման նպատակով։ Այս տարի «Հայաստանի արահետներ» ծրագիրը մեկնարկել է ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում, որի շրջանակում տեղի է ունեցել քայլարշավի 3-րդ փառատոնը և տեղական արտադրանքի և էկոտուրիզմի ու արշավների շուրջ նախաձեռնությունների շուկան։

Հանդիպման ընթացքում Ֆլորանս Պրովանդիեն հետաքրքրվել է նաև մարզային երիտասարդական կենտրոնների գործունեության մեթոդաբանությամբ և կառավարման մոդելով՝ նշելով, որ կարելի է դիտարկել այդ կենտրոններում հայ և ֆրանսիացի կամավորների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Երկուստեք ընդգծվել է երիտասարդության ոլորտում տարբեր ծրագրեր իրականացնելու կարևորությունը։ Մասնավորապես՝ դիտարկվել է երիտասարդական քաղաքականության ոլորտում փորձի փոխանակման, օրենքի նախագծով սահմանվող ոլորտային կառավարման փոխհարաբերությունների համատեքստում ֆրանսիական կողմից փորձագիտական աջակցության և այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը:Կողմերը նշել են, որ երիտասարդության ոլորտում համագործակցության հրաշալի մեկնարկ կլինի հայ-վրացական ֆորումի օրինակով նմանատիպ ծրագրի կազմակերպումը հայ և ֆրանսիացի երիտասարդների միջև, ինչը ոչ միայն հաջող փորձի փոխանակում կլինի, այլ նաև կամրապնդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական սերտ կապերը հենց երիտասարդների շրջանում։

Spread the love