Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայոց անկախ պետականության գոյությունը եղել և մնում է անսակարկելի արժեք

Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման 33-րդ տարեդարձը կարևոր առիթ է արժևորելու անկախ պետականության կայացումը, ինչպես և անդրադառնալու մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին: Այս մասին ասվում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի շնորհավորական ուղերձում:

«Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևն է և բաղձալի երազանքը: Այս նվաճումը պահպանելն ու զարգացնելը պահանջում են հետևողական և համառ պայքար:

Հայ ժողովուրդն հերթական անգամ պատմական ընտրության առջև կանգնեց 1991 թ. և արցախյան գոյամարտի բովում կյանքի կոչեց ազատ ու անկախ ապրելու դարավոր իղձը: Անցած երեք տասնամյակների ընթացքում, չնայած առկա խնդիրներին և բացթողումներին, մեծ առաջընթաց արձանագրվեց հայոց նոր պետականությունների կայացման ասպարեզում, ձևավորվեց ուժեղ և հուսալի բանակ, զարգանում էր երկրի տնտեսությունը, Հայաստանն արտաքին աշխարհին ներկայանում էր որպես հարգանքի արժանի պետություն: 30 տարուց ավելի Արցախի անկախ Հանրապետությունը գործեց ու արարեց հայ ժողովրդի անընկճելի ոգու, տաղանդի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես և իր ողջ կարողականությամբ եղավ հայոց երկու Հանրապետությունների զարգացման գործընթացի մասնակիցը:

Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ազգավնաս գործունեությունը հանգեցրեց Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների միջոցով Արցախի հայաթափմանը: Այսօր արդեն անմիջական սպառնալիքի ներքո են հայտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը:

Աշխարհաքաղաքական ներկա պայմաններում հայ ժողովրդից պահանջվում է բացառիկ համախմբում և ոգու արիություն պաշտպանելու և պահպանելու համար Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, վերականգնելու՝ մեր ազգային արժանապատվությունն ու ազգային արժեքների դերը:

Այս մարտահրավերների լուծումը պահանջում է Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորում, որի առաջնահերթ անելիքները պետք է լինեն Հայաստանի արտաքին և ներքին անվտանգային հուսալի համակարգերի ձևավորումը, պատմական բնօրրան՝ արցախահայության վերադարձի խնդրի հետապնդումը: Իշխանություն, որը հայ ժողովրդի համար կապահովի իրական խաղաղություն և բարգավաճում:

Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայոց անկախ պետականության գոյությունը եղել և մնում է անսակարկելի արժեք:

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորելով անկախության տոնի առիթով մենք խոնարհվում ենք Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար նահատակվածների անմար հիշատակի առջև:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ինչպես երեկ, նույնպես և այսօր ու վաղը ոչ մի ջանք չի խնայելու հայ ժողովրդի ազգային երազանքների իրականացման համար»:

Spread the love