Ստատինները նվազեցնում են քաղցկեղի ավելի քան 20 տեսակների առաջացման վտանգը. iScience

Չինացի գիտնականները պարզել են, որ ստատինների՝ արյան մեջ խոլեստերնի մակարդակն իջեցնող դեղերի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի 20 տեսակների առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience ամսագրում։

Ստատինները դեղամիջոցների խումբ են, որոնք օգնում են պահել ցածր խտության լիպոպրոտեիդների եւ տրիգլիցերիդների խոլեստերինի մակարդակը։ Դրանք օգնում են իջեցնել խոլեստերինային բշտերի առաջացման վտանգը՝ խոլեստերինի եւ կալցիումի թանձրուկներ, որոնք գոյանում են անոթների պատերին եւ դժվարացնում արյան հոսքը։

Պարզելու համար, թե ինչպես է ստատինների ընդունումն ազդում մարդու առողջության այլ կողմերի վրա, գիտնականները 15 տարի ուսումնասիրել են 400 հազար կամավորների բժշկական տվյալները։ Փորձարկվողների մասին տեղեկությունը տրամադրվել է Մեծ Բրիտանիայի Բիոբանկից։ Պարզվել է, որ վերջերս ստատիններ ընդունել սկսած պացիենտների մոտ նկատվել է 38-66 տոկոսով օնկոլոգիական հիվանդությունների 20 տեսակի հավանականության նվազում։ Դրանց թվում են կաթնագեղձի, շագանակագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղները։

Գիտնականները ենթադրել են, որ ստատինների հակաքաղցկեղային էֆեկտը պայմանավորված է բորբոքային պրոցեսներն արգելակելու եւ քաղցկեղային բջիջների բաժանման արագությունը դանդաղեցնելու դրանց ունակությամբ։ Հետազոտողների կարծիքով՝ այդ դեղամիջոցների օգտագործումը կարող է արդյունավետ մոտեցում լինել օնկոլոգիական հիվանդությունների կանխման գործում։

Spread the love