Տեղեկատվական անվտանգության հետազոտողները հայտնաբերել են առցանց տվյալների բազա, որը պարունակում է 106,316,633 ԱՄՆ քաղաքացիների՝ երկրի բնակչության գրեթե մեկ երրորդի անձնական տվյալները: Տվյալների բազան ներառում է տեղեկատվություն MC2 Data ընկերության նախնական ստուգման մասին, ներառյալ մարդկանց անունները, հասցեները, հեռախոսահամարները, իրավական և աշխատանքային տարբեր փաստաթղթերի պատճենները և շատ ավելին:
Հետազոտողները կարծում են, որ MC2 Data տվյալների բազան հանրությանը հասանելի է դարձել մարդկային սխալի հետևանքով, այլ ոչ թե թիրախավորված հաքերային հարձակման: Դա անուղղակիորեն հաստատվում է այն փաստով, որ տվյալների բազան պարունակում է տեղեկատվություն ոչ միայն նրանց մասին, ովքեր ստուգվել են ընկերության աշխատակիցների կողմից, այլև ավելի քան 2 միլիոն հաճախորդների մասին, որոնք բաժանորդագրվել են MC2 Data ծառայություններին:
Սա վերջին ամիսներին տվյալների երկրորդ խոշոր արտահոսքն է ընկերությունից, որն զբաղվում է մարդկանց կենսագրական տվյալների ստուգմամբ։ Օգոստոսին National Public Data-ն հաստատել էր, որ տեղի է ունեցել տվյալների արտահոսքը, ինչի հետևանքով խմբակային մի քանի հայցեր էին ներկայացվել ծառայության դեմ։
«Կենսագրական տվյալների ստուգման ծառայությունները միշտ էլ խնդրահարույց են եղել, քանի որ կիբեռհանցագործները կարող են վճարել իրենց ծառայությունների համար՝ հնարավոր զոհերի վերաբերյալ տվյալներ հավաքելու դիմաց: Նման արտահոսքը ոսկու հանք է կիբեռհանցագործների համար, քանի որ այն բացում է մի շարք հնարավորություններ և նվազեցնում ռիսկը նրանց համար՝ թույլ տալով ավելի արդյունավետ օգտագործել այս մանրամասն տվյալները»,- խնդիրը մեկնաբանել է Cybernews-ի հետազոտող Արաս Նազարովասը: