ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձևավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն, որի կրթական գործունեությունը ուղղված կլինի բացառապես ՆԳՆ ենթակայությամբ գործող մարմինների կադրային կարիքների բավարարմանը:
Արփինե Սարգսյանը անդրադարձել է նախագծերի փաթեթով նախատեսված հիմնական առաջարկներին․
• Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է հայեցակարգային փոփոխություն մտցնել թե՛ ոստիկանների, թե՛ փրկարար ծառայողների կրթության կազմակերպման գործընթացում։
• Կառավարման միասնական արդյունավետ մոդելի շնորհիվ նոր ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը կներդաշնակեցվեն ՆԳ նախարարության վարած քաղաքականությանը, արդյունքում կապահովվի ՆԳՆ կադրային պահանջարկը:
• Նորաստեղծ կրթահամալիրի ռեկտորը կհանդիսանա քաղաքացիական անձ, իսկ ընտրության մրցույթը կանցկացվի բաց և թափանցիկ։ Ռեկտորի ընտրության նման ընթացակարգը համահունչ է բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում գործադիրի կողմից ընդունելի քաղաքականությանը:
• Ներքին գործերի նախարարության քաղաքականությանը համահունչ՝ ոստիկանական կամ փրկարար ծառայությունից քաղաքացիական աշխատանքի անցման դեպքում կպահպանվեն բոլոր սոցիալական երաշխիքները։
• Կգործեն ոստիկանների և փրկարարների կրթության ապահովման համար համապատասխան դեպարտամենտներ։ Դրանք պատասխանատու կլինեն նախնականից մինչև բարձրագույն կրթության իրականացման և շարունակականության համար: Համակարգում ցանկացած առաջխաղացում հնարավոր կլինի բացառապես համապատասխան կրթական խողովակով անցնելու պայմանով։
• Կսահմանվի յուրաքանչյուր ծառայողի համար տարեկան վերապատրաստման հստակ ծրագիր։ Պարտադիր վերապատրաստումների համակարգը 2025 թվականի հուլիսի մեկից կգործի քրեական ոստիկանների և պարեկային ծառայողների համար, իսկ 2026 թվականից՝ բոլոր ծառայողների համար:
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ նախաձեռնությունն աշխատանքային ձեւաչափով համակողմանիորեն քննարկվել է հանձնաժողովում, պատգամավորներին մտահոգող մի շարք խնդիրներ հաշվի են առնվել:
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: