Խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում Հայաստանը պատրաստ է դառնալ կարեւոր տարանցման օղակ ԵՄ-ի եւ Իրանի, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Երեւանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում, Իրանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության մասին պանելային բանավեճում։
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ։ «Երբ գլոբալ առեւտուրը բախվում է բազմաթիվ խնդիրների՝ աշխարհաքաղաքական լարվածությունից մինչեւ գլոբալ լոգիստիկ խափանումներ, Հայաստանը կարող է դառնալ ինքնատիպ հաբ՝ նպաստելով եվրասիական տարածքում կապերի ընդլայնման խորացմանը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ՀՀ եւ ԻԻՀ առեւտրաշրջանառությունը կազմում է մոտ 700 մլն դոլար, արտահանումն Իրան՝ մոտ 100, ներմուծումը՝ 600 մլն։ Այս թվերը վկայում են տնտեսական հարաբերությունների դրական դինամիկայի մասին երկրների միջեւ, դրանք ընդգրկում են այնպիսի կարեւոր ճյուղեր, ինչպիսին են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը»,- հիշեցրել է նախարարը։
Նրա խոսքով՝ շատ կարեւոր իրադարձություն դարձավ ԻԻՀ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը, որը ՀՀ-ին ինքնատիպ հնարավորություն կտա արտահանալ մի շարք մթերքներ, ինչպիսին են հանքային ջուրը, շոկոլադը, մեղրը եւ այլն, եւ մաքսատուրքերի չեղարկումը կամ իջեցումը լուրջ խթան կհանդիսանա Իրան արտահանման համար, ընդ որում՝ այնտեղ աճում է հայկական արտադրանքի պահանջարկը։ Նախարարը փաստել է, որ ղեկավարվելով ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ նախագահի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ կողմերը ձգտում են ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ-ի, իսկ ապագայում՝ 3 մլրդ-ի։ «Նպատակը հավակնոտ է։ Դրան հասնելու համար մենք պետք է ավելացնենք տեսականին եւ բարելավենք լոգիստիկ ենթակառուցվածքը»,- հիշեցրել է Պապոյանը։
Այս համատեքստում նախարարը հիշեցրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որի նպատակը Հնդկական օվկիանոսը Սեւ ծովի հետ արագ եւ հուսալի միացնելու ապահովումն է եւ Չաբահար նավահանգստի բացումը։ «Երթուղին շատ կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ Հնդկաստանի համար, որը ձգտում է դիվերսիֆիկացնել իր մատակարարումները։ Մումբայի նավահանգստից բեռը կմեկնի Չաբահար, հետո ցամաքով դեպի Վրաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի նավահանգիստներ, այնուհետեւ՝ ԵՄ։ Դա մեկ քառորդով կնվազեցնի ծախսերը եւ 25 օրի կկրճատի առաքման ժամկետը։
Պապոյանը նաեւ հիշեցրել է, որ այսօր Իրանը բացել է առեւտրային տուն Երեւանում։ Դրանում 107 տաղավարներ են նախատեսված արդյունաբերության տարբեր ճյուղերի համար, այն կտրամադրի նաեւ քոնսալտինգային եւ մարքետինգային ծառայություններ ընկերություններին, կնպաստի երկողմ տնտեսական համագործակցությանը եւ կուժեղացնի Հայաստանի դերը որպես կարեւոր պատուհանի ԵԱՏՄ շուկայում իրանցի գործարարների համար։