Առաջին ատյանի դատարաններում քրեական մասնագիտացման 8 դատավորներ կավելանան. Մասնավոր մեղադրանքով վարույթներ կքննեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում համաձայնություն տվեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ ԲԴԽ 2024-ի հունվարի 26-ի առաջարկությանը:

Ըստ այդմ, թվակազմը կավելանա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմը՝ 1 դատավորով, ինչպես նաեւ մեկական դատավորով Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը:

Արդարադատության նախարարի տեղակալ` Արմենուհի Հարությունյանը ներկայացնելով նախագիծը, նշեց. «2021-ին ընդունված քրեական օրենսգրքով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեակն պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա: Այդ հանցանքները թվով 25-ն են: Այս դեպքերում վարույթը ենթակա է իրականացման ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ առանց միջդատական վարույթի, անմիջականորեն դատարանի կողմից մասնավոր  մեղադրանքի վարույթով:

Ներկայումս դրանք չեն իրականացվում մասնավոր  մեղադրանքի կարգով, քանի որ  քրեական դատավարության օրենսգրքում առկա են անցումային դրույթներ, որով նախատեսվում է, որ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվելու այն իրավասություն ունեցող  դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո: Մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է լինելու միայն դատական փուլերից, հետեւաբար,  այս դեպքում վարույթը դադարեցվում է եւ կարճվում է միայն դատարանում՝ սահմանափակ հիմքերի առկայության դեպքում»:

Փոխնախարարի խոսքով, սա ենթադրում է մասնագիտացված  դատավորների նշանակում:

Spread the love