Թուրքիայի իշխանությունները փակել են ռադիոկայանը, որի եթերում հյուրերից մեկը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը

Ստամբուլի Acik Radyo ռադիոկայանը հայտնել է, որ իրեն փակել են իշխանությունների որոշմամբ։ Ինչպես տեղեկացրել է AFP-ը, լրագրողները խոստացել են աշխատանքը շարունակելու միջոց փնտրել։

Acik Radyo ռադիոկայանի հետապնդումն սկսվել է այն բանից հետո, երբ ապրիլին կայանի հյուրերից մեկը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Դրանից շատ չանցած, մայիսին, վերահսկիչ մարմինը դադարեցրել է կայանի հեռարձակումը հինգ օրով՝ նրան մեղադրելով «ատելության հրահրման» մեջ։ Հուլիսին իշխանությունները Acik Radyo-ից վերցրել են լիցենզիան, բայց ռադիոկայանը դեռ մի քանի ամիս շարունակել է աշխատել։

Թուրքիայի իշխանությունները բոլոր մակարդակներում հրաժարվում են ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված հայ բնակչության զանգվածային սպանությունները եւ աքսորը։ Այս տարի Թուրքիան զբաղեցրել է 158-րդ տեղը 180-ից մամուլի ազատության ինդեքսով, որն ամեն տարի հրապարակում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։

Acik Radyo ռադիոկայանը աշխատում էր 1995 թվականից։

Spread the love